Վնասի նվազեցում
Սպորտ և ակտիվ հանգիստ
Վնասի նվազեցում
Սպորտ և ակտիվ հանգիստ
Վնասի նվազեցումը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր չնայած չեն ցանկանում վերածվել ճգնավորների, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ հարցնում են իրենք իրենց փաբային ծխամպերում անցկացրած հերթական անքուն գիշերից հետո. «Կարող ա՞ հերիք ա»: Այդ կարողա-և-հերիքայից հետո է, որ իրականությունը հանկարծ ձեռք է բերում մանկության պարզություն. պատերը հրաժարվում են աչքիդ առաջ հալվել կամ պտտվել, իսկ բաժակակից ընկերները տարակուսում են, թե ուր ես անհետացել «Կալումեից Վենյու» հազարավոր անգամներ քայլերովդ չափված ճանապարհից։
Կամ թե համադամ ուտեստների լաբիրինթոսում հոգնում ես կալորիաների խրթին հաշվարկից: Քաղցրն էլ, թթուն էլ, շոկոլադն ու մարշմելոուն էլ անկրկնելի թովչանք ունեն ու բռնում են քթիցդ: Լողավազանում դելֆինալող անելու մասին մնում է միայն բազմոցին նստած պոպկորն ուտելով երազել:
Ինչ-որ ժամանակ նոր ա, հավես ա, համով ա, կանաչ թեյն էլ պարզվեց շատ տարբեր տեսակներ ունի, բայց հետո սկսում ես կարոտել ու հասկանում ես, որ «ոսկե միջին» կամ բալանս փնտրողները միգուցե ճիշտ էին։ Հանուն հաճույքի օրգանիզմիդ վնաս տալն իհարկե գայթակղիչ է, բայց, ինչպես ասում են դասականները, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

Մեկ-մեկ սպո՞րտ
Բոլորը գիտեն, որ երկար ու առողջ կյանքի համար պետք է զբաղվել սպորտով՝ երեկոներն անցկացնել թենիսի կորտում, առավոտները՝ լողավազանում, ճաշից հետո երկար ու մտազբաղ քայլել, իսկ շաբաթ-կիրակի հավաքել բոլոր քսանմեկ ընկերներիդ՝ ֆուտբոլ խաղալու։ Բայց ի՞նչ անել, եթե սրճով աշխատող առօրյադ, հանճարեղ գաղափարներիդ իրագործումն ու ընտանեկան հավաքույթների շարանը քրիքեթին ու պոլոյին քիչ ժամանակ են թողնում։
Միտքը պարզ է՝ փորձել լինել ավելի ակտիվ՝ առանց ռադիկալ քայլերի։
1․ Դարձրեք ժամանցը բազմազան։
Կարեկից թասընկերոջդ հետ մեկ-մեկ գնացեք փոքր թենիս խաղալու կամ ընկերուհուդ հետ բացեք Օպերայի սառցադաշտի սեզոնը։ Սիրած խմիչքը ինչպես հարկն է վայելելուց հետո պետք չէ նստել ու հետևել փաբի անցուդարձին․գնացեք պարային ռիթմեր փնտրելու։ Ժամանակ առ ժամանակ հրաժեշտ տվեք քաղաքակրթությանը և բարձրացեք լեռնաշխարհի սարերից մեկը՝ մայրամուտը նայելու: Այգում կամ անտառում զբոսնեք՝ ոտնաթաթերին զգալով հյութեղ խոտի, աշնանային տերևների խշխշոցը կամ փափուկ ձյան խրթխրթոցը։

2․ Ակտիվ լինելը դարձրեք առօրյայի փոքր մի մաս։
Պարտադիր չէ համակարգել սպորտային առօրյան։ Բավական է ժամանակ առ ժամանակ փոխարինել մեքենան սեփական երկու ոտքով կամ արթնանալիս կատվի պես ձգվել ու մի քանի պարզ վարժություն անել։ Եվ մտքին, և մարմնին օգտակար են յոգայից փոխառված շնչառական վարժությունները, որոնք կարելի է անել աշխատանքային օրվանից մի քանի րոպե կորզելով։ Հրաժարվեք Ձեր սովետական մուտքի վերելակից՝ քաջաբար հաղթահարելով մութ աստիճանները հեռախոսի լույսով։
3․ Անջատեք ձեր հեռախոսը, համակարգիչը, պլանշետն ու հեռուստացույցը։
Շարժումը ոչ միայն դարձնում է կյանքն ավելի հետաքրքիր, այլև վիրտուալ աշխարհից վերադարձնում է մեզ իրականություն, ինչը բրիտանական գիտնականների կարծիքով ունի մի շարք դրական ազդեցություն աչքերի, սրտի, ուղեղի էնդորֆինների և մարդկային այլ առեղծվածային աշխատամասերի համար։
Հակառակ էֆեկտը նույնպես աշխատում է՝ ինտերնետից անջատվելիս, մարդն ուզում է թռչել, վազել, ծաղիկներ հավաքել, մի քանի անգամ բարձրանալ-իջնել Կասկադը։
4․ (Վերջապես) կարգավորեք տնային տնտեսությունը
Առօրյայում ակտիվ լինելու առաջին հայացքից տաղտկալի ձև է հաճախ ու մանրամասն տունը մաքրելը։ Մինչդեռ շարժվելու համար այդ փոշոտ գրապահարաններն ու սարդոստայով դարակները մարզահամալիրից էլ լավ են։ Տունը մաքրելիս արդյունքը տեսնում ենք միանգամից՝ մի բան, որ պակասում է հազարումի նախագծային պլանով ու երկարաժամկետ ռազմավարական քայլերի առօրյա իրագործմամբ լի մեր առօրյայում։ Բացի այդ, լսել եմ, որ տանը մաքուր ու դասավորված վիճակը լավ բաների է բերում։ Լսել եմ, չեմ փորձել։ Դեռ։

5․ Շուն պահեք։
Եթե պատրաստ եք լուրջ ու հիմնարար քայլերի՝ շուն ձեռք բերեք։ Շանը ման տալուց այնքան հեշտ չէ հրաժարվել, ինչքան մարզիչիդ տված ազնիվ խոսքից։ Նույնիսկ ավելի լավ, եթե տնեցիք կտրականապես հրաժարվեն շան հետ զբոսնելուց, թե բա՝ «դու ու քո Էյնշտեյնը»։ Քնաթաթախ տնեցիք ու հուսալի աչքերով շունը հաստատ ձեզ կհիշեցնեն ակտիվ կյանքի բոլոր լավ կողմերը։
Պարզապես սկսեք շարժվել ու կգտնեք այն, ինչն իսկապես ոգեշնչում է բացահայտել ձեր ֆիզիկական ու էմոցիանիալ պոտենցիալը:
메타데이터
- post_id
- 55bb2d54dd3
- slug
- harmreductionsports-55bb2d54dd3
- url
- https://medium.com/evnmag/harmreductionsports-55bb2d54dd3
- canonical_url
- https://medium.com/evnmag/harmreductionsports-55bb2d54dd3
- author_url
- https://medium.com/@evnmag
- status
- ok
- fetched_at
- 2026-07-07 01:49:13