← Back to list

Սինայա. 1936

Это стало сегодня далёким. Даже странно и вспомнить теперь. Тайный страх перед чьим-то доносом, Тайный страх перед стуком в дверь.

Arpine Haroyan · 2026-05-17 13:06 · 0 claps · 31.7 min read
#short-story #stalinrepressions #1936 #armenian-genocide #soviet-armenia
Open on Medium ↗
Wiki topics: LIT · Literature & Writing 📰 · Journalism & News

Սինայա. 1936

«Սինայա» նավը մեկնումից առաջ, Մարսել, 1936թ., աղբյուրը՝ Մարսելի «ԱՐԱՄ» միություն, Ֆրանսիա

«Սինայա» նավը մեկնումից առաջ, Մարսել, 1936թ., աղբյուրը՝ Մարսելի «ԱՐԱՄ» միություն, Ֆրանսիա

Это стало сегодня далёким. Даже странно и вспомнить теперь. Тайный страх перед чьим-то доносом, Тайный страх перед стуком в дверь.

Ну, а страх говорить с иностранцем? С иностранцем-то что, а с женой? Ну, а страх безотчётный остаться после маршей вдвоём с тишиной?

Не боялись мы строить в метели, уходить под снарядами в бой, но боялись порою смертельно разговаривать сами с собой.

Евгений Евтушенко, 1962

Հոկտեմբեր 14, 1977, Երևան, Խորհրդային Հայաստան

«Այս օրագրում վերջին գրառումս մոտ քառասուն տարի առաջ եմ արել։ Երբեք չեմ մոռանա հոկտեմբերի 28-ի այդ գիշերը, որը խաթարեց մեր ամբողջ ընտանիքի ճակատագիրը։ Նրանք ներխուժեցին մեր տուն ու տարան ծնողներիս։ Մարալը սկսեց բարձրաձայն լաց լինել, բայց չեկիստները խլեցին նրան մորս գրկից ու ասացին, որ մեր հետևից շուտով այլ մարդիկ կգան։ Մինչ փորձում էի Մարալին հանգստացնել Սեդա հորաքույրը եկավ։ Հիմա եմ հասկանում, թե ինչպես այդպես արագ հասավ։ Մի քանի օր իր տանն ապրեցինք, իսկ հետո ասաց, որ չի կարող երկու երեխա պահել ու ինձ պիտի գիշերօթիկ դպրոց ուղարկի։ Խոստացավ, որ անպայման այցելության կգա Մարալի հետ։ Մայրս ու հայրս երբեք չվերադարձան։ Նրանցից միայն մեկ անգամ նամակ ստացա՝ ասում էին, թե ամեն բան լավ է, ու որ չանհանգստանամ։ Սիբիրից էր, ինչ-որ մի գյուղից։ Խնդրում էին, որ Մարալի մասին հոգ տանեմ ու միշտ կողքին լինեմ։ Այդպես էլ չիմացան, որ ես այդ երեկո ոչ միայն կորցրեցի նրանց, այլ նաև քրոջս։ Ես ատում եմ հայրենիքս ու միայն հիմա եմ հասկանում մորս։ Այն դրախտը, որ մեզ խոստանում էին մի քանի ամսում վերածվեց դժոխքի։ Գիշերօթիկում ամեն օր մտածում էի ծնողներիս ու քրոջս մասին։ Ցավն այնքան շատ էր, որ մեկ-մեկ մեռնել էի ուզում։ Մի անգամ ընկերներիցս մեկը, ում ծնողներին ևս աքսորել էին ասաց, որ եթե ուզում եմ դուրս պրծնել այս նողկալի երկրից, պիտի իր խաղի կանոններով խաղամ։ Միայն տարիներ հետո հասակացա, թե ինչ ճիշտ էր։ Գիշերօթիկում ես մնացի մոտ 5 տարի։ Ինձ շատ էին ծաղրում, հետս չէին խոսում։ Ասում էին, որ դավաճանների զավակ եմ։ «Դու անհարազաատ ես, հեռու մնա մեզնից»։ Այդ ժամանակ երանի էի տալիս Փարիզի իմ դասընկերներին. ճիշտ է, նրանք էլ ինձ չէին ընդունում, բայց գոնե գիտեի, որ իմ հայրենակիցները չեն։ Երբ դուրս եկա, «բարեխիղճ» սովետական ղեկավարությունն ինձ հանրակացարանի մի փոքր խուց տրամադրեց ու ես ընդունվեցի Երևանի պետական համալսարանի կենսաբանության բաժին։ Չթողեցին, որ ուսումս օտար լեզուների ֆակուլտետում շարունակեմ՝ պատճառաբանելով, որ անհարազատներին չի թույլատրվում։ Ընդունվեցի ինժեներեական ֆակուլտետ՝… բաժին։ Մարալին ու Սեդա հորաքրոջը երկար փնտրեցի, բայց չգտա։ Ոչ ոք ոչինչ չգիտեր նրանց մասին։ Կամ էլ գիտեին, բայց վախենում էին ասել։ Առաջին կուրս նոր էի ընդունվել, երբ պատերազմը սկսվեց։ Դժվար տարիներ էին։ Բոլորին ասում էի, որ որբ եմ, որ նորից չպիտակավորվեի որպես անհարազատ, կամ ավելի վատ՝ դավաճանների զավակ։ Որպես օտար լեզու ֆրանսերենն էի ընտրել, որ հեշտությամբ կարողանամ ավարտել։ Երրորդ կուրսում էինք. ֆրանսերենիս դասախոսը նկատել էր, թե ինչ վարժե եմ տիրապետում լեզվին։ Պատմեց, որ պիտի դելեգացիա ուղարկեն ֆրանսիա ու լեզվակիր է պետք։ Ես գիտեի, որ անհնար է, որ ինձ նմանատիպ գործուղման ուղարկեն, այդ պատճառով ասածը լուրջ չընդունեցի ։ Մի քանի օր անց եկավ ու ասաց, որ այնպես է արել, որ ինձ ներառեն այդ խմբում։ Չգիտեմ ինչ հրաշքով էր դա արել, բայց 1947-ին մի շարք հարցաքննություններից հետո դելեգացիայի հետ մեկնեցի Փարիզ։ Հա, մոռացա ասեմ, որ մինչև մեկնել շաբաթական մեկ անգամ ինձ հրավիրում էին ներքին գործերի նախարարություն ու «սովորեցնում», թե ինչ պիտի ասեմ ու ինչպես պիտի ինձ պահեմ Ֆրանսիայում։ Սպառնալիքների մասին էլ չեմ խոսում։ Դրանց մասին հետո։ Այցի նպատակը ԽՍՀՄ-Ֆրանսիա բարեկամական կապը խորհրդանշող մշակութային միջոցառումների նախապատրաստական աշխատանքներն էին։ Բայց իմ մտքին այլ բան կար։ Հիանալի հիշում էի մեր ծանոթների հասցեները ու պլանավորել էի, թե ինչպես պիտի փախչեմ դելեգացիայից։ Չնայած հոգուս խորքում մտածում էի ֆրանսերենիս դասախոսի ու հավանական հետևանքների մասին։ Հեշտ չէր։ Դելեգացիայի չորս պաշտոնյաններն ընդամենը մեկ «ուղեկցող» ունեին, իսկ ես՝ իմ անձնականը։ Ինչպիսի՜ պատիվ։ Փարիզում գտնվելու երրորդ օրը որոշեցի պլանս իրագործել։ Նկատել էի, որ «ուղեկցողս» սկզբից համոզվում էր, որ հյուրանոցի սենյակ եմ մտնում, ու նոր էր իր սենյակ անցնում։ Գիշերը 2-ին դուրս եկա սենյակիցս ու իջա երկորդ հարկ, որտեղի աստիճաններից նախասրահն ամբողջությամբ երևում էր։ Բախտս բերեց, որ որոշեցի զգուշությամբ նայել, քանի որ «ուղեկցողս» մուտքի բազմոցին նստած էր։ Չխառնվեցի, անելիքս լավ գիտեի։ Հյուրանոցի մաքրուհուն գտա ու ասացի, որ մի մադամի հետ եկել եմ ժամանակ անցնացնելու, իսկ նրա ամուսինն իմացել ու նախասրահում ինձ է սպասում, որ հաշվեհարդար տեսնի։ Խնդրեցի, որ թույլ տա անձնակազմի հատուկ դռնով դուրս գամ ետևի բակ։ Ֆրանսերենի առոգանությունս չէր տարբերվում տեղացիներինից. տիկինը ենթադրաբար մտածեց, որ փարիզեցի եմ ու առանց վարանելու ուղեկցեց դեպի հյուրանցի ետևի բակ։ Սիրալիր էր ։ Վերջում մայրաբար ասաց, որ պիտի ավելի խոհեմ լինեմ ու ամուսնացած աղջիկների հետ արկածներ չունենամ։ Ոգևորությունից գրկեցի ու շնորհակալություն հայտնեցի։ Նա թերևս երբեք չի հասկանա, թե ինչպես կյանքս փրկեց։ Հյուրանոցի տարածքից դուրս գալուն պես թոքերս բացվեցին։ Սենայից եկող սառը քամին, ու Փարիզի չմարող լույսերն ազդարարում էին իմ փրկությունը։ Ասես նորից ծնվեի։ Քայլեցի մինչև լատինական թաղամաս ու գտա հայրիկի ընկերոջ տունը։ Սկզբից ինձ չճանաչեց։ Իսկ հետոն մի այլ առիթով կպատմեմ։ Գևորգ քեռին որոշեց ինձ մի քանի շաբաթով իր ֆրանսիացի ծանոթների տանը տեղավորել, քանի որ վախենում էինք, որ ինձ փնտրելու հետքերով նրանց մոտ կգան։ Բայց դելեգացիան կարծես այդքան էլ չէր տխրել իմ փախուստից։

Մինչև հիմա չեմ հավատում, թե ինչպես կարողացա ծլկել։ Մի քանի ամիս չանցած դիմեցի Ֆրանսիայի կառավարությանը՝ քաղաքացիությունս վերականգնելու համար։ Շատ ջանք պահանջվեց, բայց կարողացա ազգանունս փոխել։ 1947-ի ամռանը ես պաշտոնապես դարձա Արամ Գևորգյան։ Ազգանունս, որ ընտանիքիցս մնացած միակ ժառանգությունն էր, ընդմիշտ լքեց ինձ։ Ես վերջնականապես որբացա։ Դա էր այն գինը, որ վճարեցի ազատության համար։ Մարալի հետքն անգամ չկար ու ես երդվել էի երբեք ոտք չդնել մեր «դրախտավայր» հայրենիք։ Բայց 1977-ի գարնանը Լենինականից ստացած նամակը փոխեց կյանքիս ողջ ընթացքը»։


Սեպտեմբեր 10, 1935, Փարիզ

«Պապան այսօր շատ տխուր էր։ Երկու ամիս է չի կարողանում նորմալ աշխատանք գտնել։ Երբ շաքարի գործարանից նրան ազատեցին որոշ խնայողություններ ուներ, ու կարողացանք մի քանի ամիս գոյատևել։ Բայց գումարը վերջանում է, իսկ պապան մշտական աշխատանք չի կարողանում գտնել։ Ամեն տեղ գործադուլներ են։ Մենք հայեր ենք, տեղացիների համար՝ էտղանժեներ։ Մեզ ու այլ ազգի մարդկանց դժվարությամբ են աշխատանքի ընդունում։ Այն օրը պապայի գործարանի բանվորներից մեկն ասել էր, որ էտղանժեների համար աշխատանք չպիտի լինի, որովհետև նրանք եկել ու գրավել են ֆրանսիացիների տեղը։ Իմ խեղճ պապան այնքան էր նեղվել։ Ինձ էլ են դպրոցում էտղանժե ասում։ «Մելիքյան էտղանջե», «մեծ քիթ Մելիքյան», ինչ ասես չեն ասում։ Բարկությունս հազիվ եմ զսպում, որ մի երկու ապտակ չհասցնեմ ասողներին։ Բայց պապային չեմ ասում։ Ինձ թվում է արդեն մեծ եմ, կարող եմ խնդիրներս ինքս լուծել։ Լավ մաման կանչեց ընթրելու, գնացի»։

Սեպտեմբեր 25, 1935, Փարիզ

«Երկու շաբաթ է՝ ժամանակ չեմ գտնում գրելու։ Երբ տուն եմ գալիս, շատ հոգնած եմ լինում։ Այսօր էլի շատ երկար քայլեցինք։ Պապայի հետ գնացել էինք մամայի կարած շապիկների համար նոր գնորդներ գտնելու։ Մի երկու խանութ հավանեցին մամայի կարածներն ու պատվերներ արեցին։ Մյուս շաբաթ կտանենք։ Մաման շատ ուրախացավ։ Չնայած շատ է տանջվում ու գիշերները չի քնում, որ հասցնի կարել։ Բայց գոնե այսպես կկարողանանք մի քանի ամիս էլ գոյատևել մինչև պապան նոր աշխատանք կգտնի։ Երբ տուն եկանք Մարալը բարձր ջերմություն ուներ ու անընդհատ լալիս էր։ Պապան շտապ բժիշկ կանչեց։ Մաման վախեցել էր։ Մարալը դեռ փոքրիկ է, նոր է սկսել քայլել, բայց շատ ճարպիկ է։ Ինչ տեսնում է, որոշում է բերանը տանել։ Բժիշկն ասաց որ լուրջ բան չկա ու դեղեր տվեց։ Մաման ասում է, որ Մարալը իր փոքր քույրիկին է նման՝ Վարդուհուն։ Ես չեմ սիրում, երբ նա քույրիկին է հիշում։ Ամեն անգամ անունը տալիս արտասվում է։ Վարդուհուն, Արամին՝ մամայի փոքրիկ եղբորը ու ծնողներին թուրքերն են սպանել։ Էդ ժամանակ ես դեռ ծնված չէի։ Մաման ինձ պատմել է, որ ինքը հազիվ է կարողացել փախչել ու թաքնվել հորաքույր Վարսենիկի տանը, ում ամուսինը թուրք պաշտոնյաներից մեկի խոհարարն էր։ Հետո նրան հորաքույրը թաքուն հասցրել է Աթենք, այնտեղից էլ մանկատունը մամային Փարիզ է բերել։ Իմ անունը մամայի եղբոր անունն է։ Լավ, շեղվեցի։ Այսօր դպրոցում ուսուցչուհիս ասաց, որ գնահատականներս լավն են։ Եթե լավ պարապեմ կկարողանամ լիցեյն ավարտելուն պես քոլեջ ընդունվել։ Բայց ես էլ պիտի աշխատեմ, որ կարողանամ վարձի համար գումար հավաքել։ Ախր պապան չի կարող համ մեզ պահել համ ինձ համար վարձավճար տալ։ Վերջերս շատ տխուր է։ Երբեմն չի էլ խոսում ու ես չգիտեմ ինչպես օգնել։ Այն օրն ասաց, որ ուզում է Հայաստան տեղափոխվենք։ Շատ անսպասելի նորություն էր բոլորիս համար։ Ես շատ եմ լսել իմ հայրենիքի մասին ու շատ կուզեմ գնալ։ Բայց մաման կտրականապես դեմ է»։

Հոկտեմբեր 5, 1936

«Երեկ պապան ինձ իր հետ տարել էր մի ժողովի։ Մի պարոն Հայաստան էր գնացել ու պտտվել մեր հայրենիքով։ Պատմում էր իր ճամփորդությունից ու Հայաստանի կյանքից։ Նա այնքան հետաքրքիր տեսք ուներ։ Գեղեցիկ պիջակ էր հագել, իսկ մազերը հետ էին սանրած։ Շատ զարմանալի բաներ էր ասում։ Նա իմ ու պապայի նման էր խոսում։ Չգիտեմ դրան ինչպես են ասում։ Մամայի նման չէ. մաման ուրիշ հայերենով է խոսում։ Որ փոքր էի, ես էլ էի էդպես խոսում։ Բայց հետո տատիկը՝ պապայի մաման Թիֆլիսից եկավ ու սկսեց այլ հայերենով խոսել։ Այդ ժամանակ մաման աշխատում էր ու քանի որ ես ամբողջ օրն տատիկի հետ էի, ես էլ սկսեցի իր պես խոսել։ Մաման սկզբից տխրել էր, բայց հետո համակերպվեց։ Հիմա Մարալի հետ իր հայերենով է խոսում։ Տատիկը մամային շատ էր նեղացնում։ Ասում էր, որ տաճկահայաստանում ծնված հայերն իսկական հայ չեն։ Մի անգամ մամային նույնիսկ ասաց, որ թուրք է։ Խեղճ մամաս այնքան արտասվեց։ Մոռացա ինչ էի գրում… Լավ հիշեցի։ Այդ մարդը, անունը Սամվել էր կարծես, պատմում էր, որ Հայաստանում բոլորը աշխատանք ունեն, անգործ մարդիկ չկան ու որ Խորհրդային միությանը միանալուց հետո Հայաստանը օրեցօր բարգավաճում է։ Ասաց, որ բանվորների օրավարձերը վերջերս կրկնապատկել են ու այնտեղ հստակ 8-ժամյա աշխատանքի օրենք կա։ Պապան շատ զարմացավ ու ուրախացավ։ Երբ դեռ գործարանում բանվոր էր, 12 ժամ ու ավելի էր աշխատում՝ երբեմն առանց որևէ հավելյալ վարձատրության։ Իսկ Հայաստանում ամեն ինչ օրենքով է։ Այդ մարդը հետո ասաց, որ բոլոր երեխաները անվճար գնում են սպորտի։ Ո՞վ կպատկերացնի։ Ես մի տարի է ուզում եմ դպրոցին կից մարմնամարզության խմբակ գնալ, բայց մեր գումարը չի հերիքում։ Իսկ Հայաստանում լրիվ անվճար է։ Երբ տուն եկանք մամային պատմեցի, բայց ասաց, որ նման բան չի կարող լինել ու դրանք հեքիաթներ են։ Մաման կարծում է, աշխարհը անարդար տեղ է ու էդպիսի դրախտային վայրեր չկան։ Բայց պապան էդպես չի կարծում։ Նա այսօր առավոտյան գնել էր պարոն Միսաքի թերթը ու քիչ առաջ բարձրաձայն կարդում էր Խորհրդային Հայաստանի կյանքի մասին։ Պապան երեկվա ժողովից հետո շատ ոգևորված է, հավատում է, որ հենց վերադառնանք մեր կյանքը շատ ավելի բարեկեցիկ ու լավը կլինի։»

Հոկտեմբեր 8, 1935, Փարիզ

«Այսօր ծննդյանս օրն է։ Դարձա 12 տարեկան ու աշխարհի լավագույն նվերը ստացա՝ իսկական գրամեքենա։ Պապան տեսել էր, որ անընդհատ տետրակում գրում էի, մտածել է, որ գրող եմ ուզում դառնալ։ Չգիտեմ ոնց էր իր ծանոթներից մեկի միջոցով գրամեքենա գտել։ Ինձ դուր է գալիս գրելը։ Երբ ոչ մեկի հետ չեմ կարողանում խոսել, գրելն օգնում է։ Բայց օրագրիցս չեմ բաժանվի, գրամեքենայով ուրիշ բաներ կգրեմ։ Բայց գրող դառնա՞մ։ Եսիմ։ Մաման միշտ ասում է, որ երազում է, որ ինչ-որ մի օր դառնամ հայտնի մարդ դառնամ՝ գրող, կամ դերասան ու իմ անունը կարդա Շանզ Էլիզեի թատրոնների ցուցափեղկերին փակցված աֆիշներում կամ էլ գրախանութներում իմ գրքերը տեսնի։ Մինչև հիմա հիացած հիշում է Հայաստանից եկած գրող Իսահակյանի հետ հանդիպումը։ Անունը մոռացա…Ասում է, որ պիտի իր նման հայտնի լինեմ՝ բայց Փարիզում։ Ամեն առիթ չի կորցնում, որ պապային հիշեցնի, որ մեր ապագան միայն Ֆրանսիան է։ Հոգնել եմ այս թեմաներից։ Վերջերս շատ են կռվում։ Երեկ Մարալն էլ ինձ նվեր արեց։ Երբ բոլորով արդեն պիտի մամայի թխած տորթը ուտեինք, Մարալը սկսեց քայլել։ Շատ անուշիկն է։ Մի քանի անգամ ընկավ իհարկե, բայց հենց ձեռքերս պարզում էի, փոքրիկ տոտիկներով փորձում էր դեպի ինձ գալ։ Պապան Մարալին շատ է սիրում։ Ասում է, որ մեր դժվար կյանքի փոքրիկ լույսն է։ Ես էլ եմ նրան սիրում։ Խոստացել եմ, որ միշտ կպաշտպանեմ՝ ինչ էլ լինի։»

Հոկտեմբեր 19, 1935

«Երեկ մեր տուն պապայի ընկերն էր եկել։ Ես նրան պարոն Հովսեփ եմ ասում։ Պատմում էր իր եղբոր մասին, ով մի քանի տարի առաջ Հայաստան է տեղափոխվել։ Պապային ասաց. «Հայաստա՛ն գնա, քեզ գլխի վրա են տանելու, Սարգիս ջան, գիտե՞ս եղբայրս ինչ լավ կյանքով է ապրում։ Հերիք մի տեղից մյուս տեղ բանվորություն անես, ընտանիքիդ վերցրու ու գնա»։ Պապան իհարկե շատ ոգևորվեց, ու ասաց, որ վերջերս շատ է մտածում այդ մասին։ Տեսնես ո՞նց ենք գնալու։ Պարոն Հովսեփը նաև պատմեց, որ իր եղբոր ընտանիքը նոր ու սիրուն բնակարան ունի, իսկ տղային անգամ ուղարկել են Մոսկվա սովորելու։ Անվճար, լրիվ անվճար։ Պապան ու մաման շատ զարմացան։ Նրանք շատ են ուզում, որ ես բարձրագույն կրթություն ստանամ, բայց Փարիզում վարձավճարները շատ բարձր են։ Իսկ ինձ նման էտղանժեներին կրթաթոշակ չեն տալիս։ Այսօր դպրոցում Պիեռի հետ էլի կռիվ արեցի։ Ասում էր, որ ես անհայրենիք եմ ու երբեք ոչ մի հաջողության չեմ հասնի։ Անգամ ասաց, որ իմ նմանները միայն բանվորություն պիտի անեն իր երկրում։ Չդիմացա ու մի երկու աքացի տվեցի։ Մամային դպրոց են կանչել։ Երանի գնանք Հայաստան ու էլ դրանց երեսը չտեսնեմ»։

Նոյեմբեր 1, 1935, Փարիզ

«Չեմ հասցնում ավելի հաճախ գրել։ Դասերս շատ են, իսկ մամայի պատվերների մեծ մասը ես եմ առաքում։ Պապան քանի շաբաթ է շուկայում թերթ է վաճառում։ Ահագին լավ է ստացվում մոտը, բայց շատ քիչ է եկամոտը։ Երեկ պապան գինիով տուն մտավ, ու հանդիսավոր կերպով ասաց, որ ներգաղթի կոմիտե է ստեղծվել, քանի որ Հայաստան գնացողները շատ են։ Պապային ներքին կարգով ասել են, որ մյուս տարի մայիսին նախատեսում են մի մեծ շոգենավով մի քանի հազար ֆրանսահայերի հայրենիք տեղափոխել։ Հիմա պիտի արագ կարողանանք գրանցվել, որ մեզ անպայման տանեն։ Ցանկացողները շատ-շատ են, կարող է տեղ չլինի։ Մաման ոչինչ չասաց։»

Հունվար 4, 1936, Փարիզ

«Այս տարին կռիվներով սկսվեց։ Մաման ու պապան օր չկա, որ չվիճեն։ Պապան որոշել է, որ մայիսի 9-ի նավով պիտի վերադառնանք Հայաստան ու մեզ արդեն գրանցել է։ Փաստաթղթերն արդեն պատրաստ են։ Պապան ասում է, որ մեր ընտանիքի գոյատևման միակ ելքը դա է։ Մաման ամեն գիշեր լալիս է։ Նա թերթում գրածներին չի հավատում։ Ինձ էլ ասում է, որ պապային համոզեմ, որ չեմ ուզում գնալ։ Բայց ես ուզում եմ գնալ։ Հոգնել եմ դասարանցիներիս ծաղր ու ծանակը լինելուց։ Ուզում եմ գնալ ու բոլորին ասել, որ վերջապես էլ իրենց անդուր դեմքերը չեմ տեսնի։ Ուզում եմ դրանք տեսնեն, որ ես հայրենիք ունեմ։ Վայ պատկերացնում եմ Պիեռի դեմքը, երբ իմանա, որ ես հայրենիք ունեմ։ Որ գնանք Հայաստան, պիոներ եմ դառնալու։ Ես չգիտեմ դա ինչ է, բայց պապան ասում է, որ պիոներները կարևոր բաներ են անում։ Պապան ինձ շատ է պատմել Հայաստանի մասին։ Պատմել է լեռների, Սևանա լճի ու համով ուտելիքների մասին։ Ասում է, որ Սովետական Միությանը միանալուց հետո Հայաստանի կյանքը շատ լավ է ու որ մարդիկ աշխատանք ունեն ու արժանապատիվ կյանքով են ապրում։ Շատ եմ ուզում գնանք»։

Հունվար 25, 1936, Փարիզ

«Երեկ պապան բարձրաձայն պարոն Միսաքի թերթն էր կարդում։ Այնտեղ գրված էր, որ ներգաղթն կարող է մի փոքր ուշանա, քանի որ նավի համար որոշակի գումար է պակասում։ Մաման ուրախացավ այդ լուրից։ Այսօր ինձ ասում էր, որ հույս ունի, որ այդ գումարը չի հավաքվի ու կկարողանա պապային համոզել, որ մնանք։ Բայց երեկոյան պապան տուն եկավ ու հպարտ ասաց, որ իր վերջին ամիսների խնայողությունները ներգաղթի կոմիտեին է տվել, որպեսզի նավի հարցն ավելի արագ լուծվի։ Մաման շատ բարկացավ ու ասաց պապային, որ հետը չի խոսի։ Էլի սկսվեցին այս կռիվները։ Ինչ կլինի գնանք շուտ հասնենք Հայաստան, մաման տեսնի ինչ լավ է ու վերջապես հանգիստ լինենք բոլորս։ Վաղը կինո ենք գնալու, Հայաստանի մասին բաներ են ցույց տալու։ Մամային համոզել եմ, որ գա։»

Հունվար 27, 1936, Փարիզ

«Երեկ գնացել էինք Հայաստանի մասին կինոն նայելու ու շատ ուշ տուն եկանք՝ չհասցրեցի գրեմ։ Կինոն շատն լավն էր, Հայաստանի ցորենի դաշտերն էին ցույց տալիս, պտղատու ծառերը, հետո սկսեցին շինանարության տեսարաններ ցույց տալ։ Երևանը սիրուն էր, այնքան ծառեր կային քաղաքում։ Բոլոր շենքերը նոր են կառուցում։ Հայաստանում գործարաններ էլ կան, ֆիլմի մեջ կանայք ուրախ ու զվարթ դեմքերով աշխատում էին։ Մսուր մանկարապտեզից էլ տեսարաններ կային։ Երեխաները մի մեծ սենյակում խաղում էին, իսկ դաստիարակները գեղեցիկ հագնված նրանց էին խնամում։ Հաա, մոռացա ասեմ, պիոներների էլ տեսա։ Էնքան սիրուն էին, բոլորը նույն համազգեստով։ Մաման էլ էր եկել ու որ ֆիլմը տեսավ կարծես մի քիչ միտքը փոխեց։ Ասաց, որ երևի իր դաժան կյանքից է, որ չի ուզում հավատալ, որ հնարավոր է մի օր լավ լինի ու լավ պայմաններ ունենանք։ Ինձ թվում է մաման էլ է արդեն ուզում, որ գնանք»։

Փետրվար 18, 1936, Փարիզ

«Դասերս շատ-շատ են, ընդհանրապես ժամանակ չունեմ գրելու։ Մի քանի շաբաթ է ռուսերեն եմ սովորում, որ Հայաստանում դպրոց գնամ։ Այնտեղ ռուսերեն շատ են խոսում։ Վայ շատ բարդ լեզու է, նեղվում եմ մեկ-մեկ, բայց հենց պատկերացնում եմ, որ շուտով մեկնում ենք հայրենիք, միանգամից տրամադրությունս բարձրանում է։ Նավը մայիսի 9-ին կշարժվի։ Երեկ իմացանք։ Պիտի արդեն սկսենք պատրաստվել։ Վաղը գնում ենք քեռի Գևորգի տուն։ Ես նրա տղային շատ եմ սիրում ու երբեմն մի քանի օր իրենց տանն եմ մնում։ Պապան խոստացավ, որ եթե դասերս հասցնեմ անել, ապա կթողնի մի քանի օր մնամ։ Քեռի Գևորգն էլ է ուզում տեղափոխվել, բայց նրա կինը երեխա պիտի ունենա ու հարմար չի լինի այդքան ճանապարհ անցնել։ Որոշել ենք, որ մենք կմեկնենք, հետո հենց հաստատվենք հայրենիքում, նրանց կօգնենք, որ գան։ Լավ գնամ դասերս արագ անեմ»։

Մայիսի 7, 1936, Փարիզ

«Օրագիրս թողել էի քեռի Գևորգենց տանը, ու քանի որ իրենք երեք ամսով մեկնել էին Մարսել, երեկ նոր կարողացա վերցնել։ Այնքան բաներ են եղել, բայց դրանց մասին հետո կգրեմ։ Վաղը մեկնում ենք գնացքով Լիոն, իսկ հետո Մարսել, որ նստենք «Սինայա» նավը։ Այն մեզ տանելու է Բաթումի, իսկ հետո գնացքով կգնանք Հայաստան։ Չեմ հավատում, որ գրում եմ այս ամենի մասին։ Իրերը վերջապես հավաքել ենք։ Շատ բան չունենք իրականում ու ինչ էլ ունենք մեծ մասը չենք տանում, որովհետև մեզ ասել են, որ Հայաստանի ղեկավարությունն ամեն ինչ կտա։ Շատ անհամբեր եմ։ Մի երկու շաբաթ ու կլինեմ հայրենիքում»։

Մայիսի 9, 1936, Մարսե՞լ կամ ծովի մեջ ինչ-որ մի տեղ

«Վերջապես նավի տոնախմբությունը դադարեց։ Գլուխս գնաց ամբոխի երգերից։ Բա կենացները։ Ամբողջ ժամանակ սպասում էի, թե երբ պիտի վերջանա։ Ոգևորությունս այնքան մեծ է, որ չեմ կարողանում քնել։ Բոլորը ուրախ են ու բոլորը ժպտում են։ Ասես վիճակախաղի տոմս շահած լինենք ու գնում ենք հրաշքների աշխարհ։ Միայն մաման է տխուր։ Երբ մեկը կենաց էր ասում, տեսա թե ինչպես դանդաղ ու աննկատ վեր կացավ սեղանից, մոտեցավ նավի պատուհանին ու սկսեց դուրս նայել։ Ինձ թվում է լաց էր լինում։ Մաման սիրում է Ֆրանսիան։ Ասում է, որ իր հայրենիքն է, իրեն տանիք տվեց, կրթություն։ Բայց պապան միշտ պնդում է, որ մեր հայերնիքը մեկն է՝ Հայաստանը։ Էլի բաներ ասաց, բայց քունս տանում է, հետո կշարունակեմ»։

Հունիսի 8, 1936, Երևան

«Այնքան բաներ ունեմ պատմելու։ Մի քանի օր առաջ հասանք Հայաստան՝ մեր հայրենիք։ Հուզմունքս այնքան մեծ է, որ չգիտեմ ինչից սկսեմ։ Բաթումի նավահանգստից Երևան հասնելը շատ երկար տևեց։ Ինձ թվում էր, թե երբեք տեղ չենք հասնի։ Հենց նավից իջանք մեզ դիմավորեցին մի խումբ աշակերտներ։ Նրանք բոլորը կարմիր վզկապներ ունեին ու պապան ինձ ասաց, որ նրանք են պիոներներն ում այդքան շատ էի ուզում տեսնել։ Հետո մեզ հաց տվեցին, որ ուտենք։ Բայց դա ավելի շատ նման էր ցեխի կտորի։ Մարալը տզտզաց ու չկերավ, իսկ պապան ասաց, որ չնեղվենք, որովհետև թխողը երևի մոռացել է ու վառարանում երկար է թողել։ «Հասնենք Հայաստան, մեզ անմահական համեղ լավաշ կտան, մի քիչ էլ դիմացեք», — ասաց։ Հենց նավից իջանք մեզ տարան մաքսատուն ու ասացին, որ պիտի ստուգեն բոլոր իրերը։ Զինվորները շատ մռայլ դեմքեր ունեին։ Պապան բացատրեց, որ դա անվտանգության համար է, քանի որ Խորհրդային Միությունը շատ ապահով երկիր է։ Նրանք մեր ճամպրուկները բացեցին, ու հերթով ամեն ինչ նայեցին։ Հենց տեսան գրամեքենաս ու սկսեցին պապային հարցեր տալ, բայց պապան բացատրեց, որ ես ուզում եմ գրող դառնալ։ Նրանք ասեցին, որ գրամեքենա մենակ իսկական գրողներն ունեն ու մենք իրավունք չունենք մեզ հետ վերցնելու։ Ես շատ նեղվեցի, բայց ձայն չհանեցի։ Չէի ուզում պապան իմ պատճառով խոսակցությունների մեջ ընկներ։ Բայց պապան համոզեց, որ ես շատ տաղանդավոր եմ ու ինձ շատ պետք է գրամեքենան։ Սկզբից չէին ուզում թողնել, բայց հետո նայեցին պապայի պորտֆելին ու ասացին, որ եթե իրենց տա կթողնեն տանենք գրամեքենան։ Պապան առանց վարանելու սկսեց դատարկել իր պորտֆելը։ Ես չէի ուզում, որ նման բան աներ։ Այդ պորտֆելը ես ու մաման էինք նվիրել, մի քանի ամիս որոշակի գումար էինք խնայել ու գնել, որ Հայաստան պապան դրանով գա։ Բայց պապան ասաց, որ գրամեքենան իմ կրթության համար կարևոր է ու լավ է, որ մեզ հետ մնա։ Նրանք մամայի ճամպրուկն էլ նայեցին ու ասացին, որ կարող ենք գնալ։ Բայց դուրս գալիս մաքսատան աշխատողներից մեկը մոտեցավ մամային ու ասաց, որ պիտի իր ոսկյա կախազարդը իրենց տա։ Մաման ասաց, որ դա իր ծնողներից մնացած միակ հուշն է ու չի կարող բաժանվել դրանից։ Բայց այդ մարդը շատ խիստ տեսք ուներ ու մամային ասաց. «Խորհրդային Միությունում բոլորը հավասար են տիկին, ձեր հարստությունը պետության հարստությունն է»։ Մաման ոչինչ չասաց։ Լուռ հանեց կախազարդը ու դուրս եկավ։ Ամբողջ ճանապարհին էլ ոչինչ չասաց։ Մեկ-մեկ բարկացած նայում էր պապային, իսկ հետո հայացքն անմիջապես թեքում։ Մաման էլի տխուր էր։ Շատ հոգնած եմ, վաղը կշարունակեմ»։

Հունիսի 15, 1936, Երևան

«Մեզ պետությունը մի փոքրիկ սենյակ է տվել։ Թե’ ննջարանը, թե’ խոհանոցը, թե’ հյուրասենյակը տեղավորել ենք չորս պատի մեջ։ Լոգասենյակն ու պետքարանը ընդհանուր են, մի քանի ընտանիքի հետ ենք կիսում։ Իրականում Փարիզի մեր տունն ավելի լավն էր։ Բայց պապայի ծանոթներն ասում են, որ մեզ անպայման բնակարան էլ կտան, ամեն ինչ՝ հերթով։ Պապան շատ հպարտ է։ Ասում է, որ իրեն վերջապես հարգված է զգում ու այսուհետ արժանապատվորեն կապրենք։ Մաման դեռ տխուր է։ Այն օրը էլի վիճեցին պապայի հետ. ասում է, որ ուզում է Փարիզ վերադառնանք։ Բայց ես չեմ հասկանում ինչու։ Այնքան լավ է, որ շուրջը բոլորը հայերեն են խոսում։ Պապան էլ շուտով տպարանում աշխատանքի կանցնի։ Նրան ասել են, որ լավ աշխատավարձ է ստանալու։ Իսկ Մարալին շուտով մսուր մանկապարտեզ կտանենք ու մաման ևս կկարողանա աշխատել։ Ես էլ սեպտեմբերին դպրոց կգնամ։ Օրերն եմ հաշվում, թե երբ եմ պիոների կարմիր վզկապ կապելու։ Վերջապես ինձ էլ ոչ ոք չի էտղանժե չի ասի։ Վաղը մեզ պապայի բարեկամուհի Սեդա հորաքույրն է այցելելու։ Նա պապայի քեռու աղջիկն է։ Ես նրան երբեք չեմ տեսել, բայց պապան նրա մասին շատ է պատմել։ Ասում է, որ հորաքույրը շատ խելացի է, ուսումնարան է ավարտել ու հիմա գործարանում բանվորուհիների է ղեկավարում։ Պապան ասել է, որ նա մենակ է ապրում ու շատ գրքեր ունի։ Այնքան եմ ուզում նրա գրքերը տեսնել»։

Հունիսի 20, 1936, Երևան

«Առավոտյան ես, մաման ու Մարալը գնացինք շուկա,որ մթերքներ գնենք մեր հյուրի համար։ Այնքան շատ մարդ կար ու բոլորը չգիտես ինչու տխուր էին։ Որոշ վաճառակետերի մոտ շատ երկար հերթեր էին, իսկ մթերքներ համարյա չկային։ Շատ տարօրինակ էր, քանի որ պարոն Միսաքն ասում էր, որ Հայաստանում առատ մթերք ու բարիքներ կան։ Երկար պտտվելուց հետո մաման հազիվ մի փունջ կանաչիներ կարողացավ գտնել ու մի քանի կարտոֆիլ։ Հաց էլի չկար, չնայած ուրախ եմ, քանի որ ավելի լավ է հաց չուտենք քան այդ սև կտորն ուտենք։ Սեդա հորաքույրը եկավ երեկոյան։ Նա շատ սիրուն էր, բայց խիստ հայացք ուներ։ Ես շատ չխոսեցի նրա հետ։ Իրականում նա Մարալով այնքան էր տարված, որ երևի ինձ ոչ էլ նկատեց։ Գրկում էր նրան, խաղում հետը։ Մամայի հետ էլ շատ չէր խոսում։ Դիտողություն արեց, որ Մարալին բարակ է հագցրել ու ասաց, որ բավարար չի խնամում Մարալին։ Ասաց, որ շատ նիհար է։ Մաման բան չասեց, բայց հաստատ նեղվեց։ Դուրս գալիս հորաքույրն ասաց, որ էլի կգա Մարալին տեսնելու, անգամ առաջարկեց զբոսանքի տանել։ Մամայի դուրը դա այդքան էլ չեկավ, բայց պապան ասաց, որ հորաքրոջ հետ ջերմ լինի, քանի որ նա ամուսնացած չէ ու երեխաներ չունի ու շատ է տխրում դրանից։ «Սրտիդ մոտիկ մի ընդունիր, շատ էր սպասում մեր գալուն ու անհանգստանում է երեխաների համար,»- պապան ասաց։ Բայց ես գիտեմ հորաքույրը մամային չի սիրում, ճիշտ տատիկի պես։ Նրանց համար մաման օտար է, որովհետև Վանից է ու ուրիշ հայերենով է խոսում։ Իմ խեղճ մամա»։

Հուլիս 5, 1936, Երևան

«Պապան վերջապես աշխատանք ունի. տպարանում է աշխատում։ Ճիշտ է, բանվորական աշխատանք է էլի, բայց գոնե մշտական է։ Բայց վերջերս պապան էլ է տխուր։ Ինձ թվում է որ փոշմանել է, որ եկել ենք։ Այստեղ շատ ուրիշ է։ Հեչ նման չէ Փարիզին։ Թերերում գրում էին,թե շինարարությունը եռում է, գյուղատնտեսությունը զարգանում..Բայց ինչպե՞ս։ Խանութներից հազիվ ենք ուտելիք գտնում, իսկ պապան հացի համար ամեն առավոտ ժամը 5-ից հերթ կանգնում։ Մեկ-մեկ համոզում եմ, որ ես գնամ։ Գոնե հանգստանա, ախր տպարանի գործը շատ հոգնեցնող է։ Պապայի բերած հացը մենք ստիպված ուտում ենք, քանի որ այլ մթերքներ շատ քիչ կան։ Կարոտել եմ Փարիզի սպիտակ ու անուշաբույր հացը։ Այ դրա համար մի քանի օրով կգնայի ու հետ կվերադառնայի։ Ես Հայաստանը սիրում եմ, այստեղի արդեն ընկերներ ունեմ։ Բայց այն ինչ փետրվարին դիտածս ֆիլմում տեսանք այդքան էլ էդպես չէ։ Չնայած գուցե գյուղերում էդպես է, մենք դեռ Երևանից դուրս եկած չկանք։ Դրա համար մեքենա է պետք, որը միայն պետության աշխատողներից մի քանիսն ունեն։ Այ կուզեմ մի օր Լենինական գնալ, պապան ասում է այնտեղ գործարաններ կան, տեքստիլ արտադրության, մթերքի»։

Օգոստոսի 25, 1936, Երևան

«Շատ ուշ-ուշ եմ գրում։ Մի տեսակ ցանկություն չունեմ։ Հայաստանում տխուր է կյանքը։ Արդեն մի ամիս կլինի մաման էլ է աշխատում։ Մի արհեստանոցում շապիկներ է կարում։ Բայց հա’մ մաման հա’մ պապան տխուր են միշտ։ Երևի շատ են հոգնում։ Այսօր առաջին անգամ ուզեցա Փարիզում լինել։ Այսօր Սեդա հորաքույրն էր եկել։ Հենց տուն մտավ միանգամից գնաց Մարալի մոտ ու երկար նայում էր, թե ինչպես է անուշիկ քնած։ Մաման նրան մի քանի անգամ կանչեց թեյելու, բայց ասաց, որ ուզում է Մարալի կողքին լինել։ Մարալին այնքան շատ է սիրում։ Ամեն անգամ նրան մի փոքր նվեր է բերում։ Այսօր գուլպաներ էր բերել, ասաց որ իր ընկերուհին Լենինականի գործարանից է ուղարկել։ Հենց Մարալն արթնացավ հորաքույրը նրան հագցրեց, հետո սկսեց մազերը սանրել։ Մարալը ծիծաղում էր։ Հետո մաման ուզում էր Մարալին կերակրել, բայց հորաքույրը ձեռքից վերցրեց գդալն ու ափսեն ու ասաց, որ ինքը կանի։ Ինձ թվում է մաման տխրեց շատ։ Երանի օրերը շուտ անցնեն ու դպրոց գնամ, գոնե մի քիչ հետաքրքիր կլինի առօրյաս»։

Սեպտեմբեր 1, 1936, Երևան

«Այսօր առաջին անգամ դպրոց գնացի ։ Շատ լավ անցավ։ Դասընկերներս այնքան լավն էին։ Գիշերը ուրախությունից այնքան քիչ եմ քնել։ Առավոտյան մաման օգնեց, որ համազգեստս հագնեմ ու պիոների վզկապ կապեմ։ Ուսուցչուհին մեզ պատմեց ընկեր Ստալինի մասին ու ասաց, որ նրա շնորհիվ մեր երկիրը ծաղկում է։ Ասաց, որ ճիշտ է դժվարություններ կան, բայց ընկեր Ստալինն ամեն ինչ անում է, որ մենք շուտով ապրենք շատ լավ ու հզոր երկրում։ Բանաստեղծություն էլ սովորեցինք, որ հիշեմ կգրեմ այստեղ։Մի քիչ պապայի համար եմ տխուր։ Չեմ հիշում, թե վերջերս երբ եմ նրան ուրախ տեսել։ Միշտ հոգնած է։ Ճիշտ է ինքն էլ, մաման էլ աշխատում են, բայց գումարը հազիվ է հերիքում։ Պապայի ծանոթներից մեզ ասում են, որ սկիզբն է դժվար, մի քիչ էլ սպասենք տեղը կգա ամեն բան։ Եսիմ»։

Սեպտեմբեր 6, 1936, Երևան

«Մամային աշխատանքից ազատել են։ Անցած շաբաթ իր տնօրենն ասել էր, որ պիտի ռուսերեն խոսի, քանի որ նրանց արհեստանոց ռուս զինվորականների կանայք են գալիս ու նրանք միայն ռուսերեն գիտեն։ Բայց մամաս ռուսերեն չգիտե. նա միայն հայերեն ու ֆրանսերեն է խոսում։ Շատ էր վրդովվել ու տնօրենին ասել էր, որ իր հայրենիքում ինքը պարտավոր չէ ռուսերեն խոսել։ Իսկ հետո դուռը շխկացրել էր ու դուրս եկել։ Չեմ պատերացնում, թե իմ բարի մաման այդ ինչքան բարկացած է եղել, որ նման բան է արել։ Հաջորդ օրն ասացին, որ էլ չգա աշխատանքի։ Մեր հարևանուհի տիկին Հռիփսիմեն մամային ասաց, որ էդպիսի բան չպետք է աներ, որովհետև պետությունը խիստ է, ու բոլորը պիտի ամեն օրենքի ենթարկվեն։ Ասաց, որ մաման պիտի շատ զգույշ լինի որևէ բան ասելուց կամ բողեքելուց։ Շատ տարօրինակ է։ Պապան ասում էր, որ մենք ապահով ենք այստեղ։ Բայց վերջերս ամեն բան խառնվել է իրար»։

Սեպտեմբեր 11, 1936, Երևան

«Երեկ նորից Սեդա հորաքույրն էր եկել։ Մարալին հետ երկար խաղաց, իսկ երբ պապան տուն եկավ, սկսեց նրան հարցեր տալ։ Պապան վերջերս շատ է նեղվում, ու չգիտի ինչ անի, որ մեր կյանքը մի քիչ լավանա։ Սեդա հորաքույրը պապային հարցնում էր, թե ինչից է դժգոհ։ Պապան շատ բան չէր ասում, բայց նա այնքան շատ էր պնդում։ Պապային ասաց, որ գուցե կարողանա իր գործարանի ղեկավարության հետ խոսել ու պապային ավելի լավ աշխատանք տան։ Ասում էր, որ պիտի իմանա ինչից է պապան նեղվում, որ կարողանա օգնել։ Պապան դրանից շատ ոգևորվեց ու Սեդա հորաքրոջն իր տպարանի անարդարություններից սկսեց պատմել։ Ասաց, որ աշխատավարձը ուշացնում են, իրենց նախատեսվածից շատ են պահում։ Մեկ էլ ասաց, որ եթե հնարավորություն ունենար հետ կգնար Ֆրանսիա։ Առաջին անգամ պապան նման բան ասեց։ Մաման հաղթական, բայց թախծոտ մի հայացք գցեց վրան…«Ես քեզ ասում էի Սարգիս, Հայաստանը լավ տեղ չէ»։ Պապան չհակաճառեց։ Մաման ու պապան առաջին անգամ էր, որ չվիճեցին այս թեմայով։ Չնայած ես մամայի հետ շատ համաձայն չեմ։ Հա, Փարիզն ավելի սիրուն էր, բայց մենք այնտեղ էլ էինք վատ ապրում, դեռ ավելին, մեզ օտար էինք զգում։ Այստեղ գոնե մեր հայրենիքում ենք, շուրջը հայեր են։ Եսիմ։ Ես ուզում եմ Հայաստանում ապրել»։

Սեպտեմբեր 24, 1936, Երևան

«Մաման շատ է նեղվում, որ աշխատանք չունի։ Ամբողջ օրն ասում է, որ մեր միակ փրկությունը Փարիզ վերադառնալն է։ Այսօր անզորությունից մաման սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել։ Մարալն էլ հենց տեսավ դա, ինքն էլ սկսեց լաց լինել։ Խեղճ պապան չգիտեր ինչ աներ։ Վերջը երկար զրուցելուց հետ որոշեցին, որ պապան Մոսկվա կգնա ու Ֆրանսիայի հյուպատոսարանից թույտվություն կվերցի, որ վերադառնանք։ Վաղը պիտի փորձի գնացքի տոմս ճարել։ Մաման ասաց, որ կվաճառի իր ոսկյա ականջողերը, ու տոմսի գումարը կտա։ Դա նրա վերջին հարստությունն է, բայց մաման դրա մասին չի էլ մտածում։ Նրա խելք ու միտքը Փարիզ գնալն է»։

Սեպտեմբեր 29, 1936, Երևան

«Պապան երեկ մեկնեց Մոսկվա։ Հազիվ մի տոմս գտավ սովորական վագոնում. պիտի մի քանի օր նստած գնա, պառկելու տեղ էլ չկա։ Խոստացավ, որ ամենաշատը երկու շաբաթից կգա։ Մաման գիշերներն աղոթում է ու Աստծուց խնդրում, որ մեզ հետ տանի Ֆրանսիա։ Մաման շատ է աղոթում ու շատ հավատում Աստծուն։ Այն օր Սեդա հորաքույրը տեսավ մամայի Աստվածաշունչն ու ասաց, որ դեն նետի։ Մաման շատ նեղվեց։ Ես էլ։ Մենք Փարիզում ամեն կիրակի եկեղեցի էինք գնում, ինձ մաման է աղոթել սովորեցրել։ Իսկ այստեղ եկեղեցի չեն գնում մարդիկ։ Բոլորն ասում են, որ աստված չկա։ Լավ, չեմ ուզում այս մասին խոսել։ Մաման Սեդա հորաքրոջն ասաց, որ պապան գնացել է Լենինական։ Ես զարմացա, որ խաբում է, բայց ձայն չհանեցի։ Երեկոյան ինձ ասաց, որ չի վստահում նրան ու ավելի լավ է զգույշ լինեմ նրա մոտ խոսելիս։ Տարօրինակ է։ Պապան այնքան շատ է սիրում Սեդա հորաքրոջը, ինչու՞ պիտի նրանից թաքցնեինք, այդպես էլ չհասկացա։ Մոռացա գրեմ, վաղը մարմնամարզության առաջին դասս է»։

Հոկտեմբեր 5, 1936, Երևան

«Ինչ պապան Մոսկվա է մեկնել, ես եմ հացի հերթի գնում։ Ամենաչսիրածս բանն է։ Ամեն անգամ երկու ժամ հերթ եմ կանգնում երկու կտոր սև ու անհամ հացի համար։ Այնքան շատ մարդիկ են գալիս։ Նրանցից մեծ մասը շատ աղքատ է։ Երեկ մի փոքրիկ տղայի տեսա հերթի մեջ կանգնած։Կոշիկներ չուներ, լրիվ ոտաբոբոիկ էր։ Խեղճը սառում էր ամբողջ ժամանակ։ Ինձ թվում է հազիվ մի 8 տարեկան լիներ։ Շատ նեղվեցի ու հագիս ժիլետը տվեցի նրան։ Մաման էր գործել, ու գիտեի, որ հաստատ չի բարկանա։ Եկավ ու ինձ ամուր գրկեց։ Մի քիչ հարց ու փորձ արեցի, ասաց, որ իր հայրիկին մի քանի շաբաթ առաջ ձերբակալել են ու իրենք չգիտեն, թե հիմա ուր է։ Ասաց, որ իր մայրիկը դռնեդուռ ընկած փորձում է մի տեղեկություն գտնել, բայց նրան ամեն տեղ վիրավորում են ու ասում, որ դավաճանի կին է։ Բայց այդ մարդը կարծես թե ոչինչ չի արել։ Շատ նեղվեցի։ Իրենց հասցեն վերցրեցի. ուզում եմ մի քանի հագուստ տանեմ, որ չմրսեն, արդեն շատ է ցրտում։Մենք սպասում ենք պապան գա Մոսկվայից։ Շաբաթից ավելի կլինի ինչ գնացել է»։

Հոկտեմբեր 12, 1936

«Պապան վերադարձավ։ Հենց դուռը թակեց մաման երջանիկ դեմքով վազեց, որ բացի։ Բայց պապան շատ այլայլված տեսք ուներ։ Դե հոգնած էր շատ, այդքան օր Մոսկվայից գնացքով եկել էր։ Իրականում պապան տխուր էր, որովհետև նրան մերժել էին Ֆրանսիա վերադառնալու թույլտվություն տալ։ Ասել էին. «Թռչունն անգամ չի կարող հետ գնալ, մոռացեք այդ մասին»։ Չգիտեմ ինչ ենք անելու։ Մաման սկսեց արտասվել, ասաց, որ մենք կարծես բանտում լինենք։ Ինձ թվում է մենք իրոք բանտում ենք ու այս ամենը շատ տաօրինակ է»։

Հոկտեմբեր 19, 1936

«Այսօր քեռի Գևորգից նամակ ենք ստացել։ Մեզնից էր հարցնում ու ասում էր, որ մտադիր է մյուս տարի Հայաստան տեղափոխվել։ Նամակը կարդալիս զգացի, որ պապան մի տեսակ այլայլվեց։ Երկար լռեց, հետո նայեց մամային ու ասաց, որ քեռի Գևորգին կգրի, որ հանկարծ չգան։ Մաման ասաց, որ եթե էդպես ասի գուցե կմտածի չենք ուզում, որ գան ու առաջարկեց, որ պապան անպայման նշի, թե էստեղ ինչպես է իրավիճակը։ Պապան համաձայնեց։ Քեռի Գևորգի նամակը միասին գրեցինք, ու ասացինք, որ պայմաններն այստեղ այդքան էլ լավ չեն, պատմեցինք դեսպանատան մերժման մասին ու նաև ասացինք, որ աշխատանք քիչ կա։ Ավել լավ է մի քիչ էլ սպասեն, հենց լավանա, մենք իրենց կասենք ու կգան։ Ես շատ կուզեի քեռի Գևորգն իր ընտանիքով Հայաստան գար։ Նրանք մեր ամենամտերիմ մարդիկ են Փարիզում»։

Հոկտեմբեր 24, 1936

«Այսօր պապան տուն եկավ ու մեզ ասաց, որ մեր ֆրանսահայ ծանոթներից մեկը, ով մեզ հետ Սինայա նավով եկել է Հայաստան այն օրը փորձել է սահմանն անցնել ու փախչել։ Բայց նրան բռնել են ու բանտ նստացրել։ Պապան ասաց, որ նրան կարող է գնդակահարեն։ Բայց չեմ հասկանում, ինչու՞։ Դուրը չի եկել, ուզում է գնա, ոչ մի վատ բան չի արել։ Այդ մարդը մի քանի ամիս է աշխատանք չէր գտնում ու վերջերս շատ մտամոլոր էր։ Պապան ասաց, որ պիտի զգույշ լինենք։ Դեսպանատան մերժումից հետո շատ է սկսել վախենալ։ Լուռ է, շատ բան չի խոսում։ Միայն Սեդա հորաքրոջ հետ է կիսվում։ Պապան նրան ամեն ինչ պատմում է։ Որպեսզի չնեղանա, որ մաման իրեն խաբել էր, պապան Սեդա հորաքորջն ասաց, որ մամային չէր ասել Մոսկվա գնալու մասին։Ես էլ եմ ուզում Փարիզ գնանք»։

Հոկտեմբեր 28, 1936

«Պապան այսօր պատմեց, որ իր տպարանի ընկերոջն են բռնել։ Ասում է, որ նա լավ մարդ է, բայց բոլորը քննադատում են նրան։ Այն օրը տպարանի աշխատողները հավաքվել ու խայտառակել են այդ մարդուն։ Անունը կարծեմ Վահրամ է։ Պապան չի մասնակցել, ու դրա համար նրան տնօրենը նկատողություն է արել։ Ասել է՝ «Դուք ինչ է, պաշտպանու՞մ եք դավաճաններին»։ Բայց պապան ազնիվ մարդ է։ Չի հավատում, որ Վահրամը դավաճան է։ Պապան ասում է, որ նրան գուցե աքսորեն կամ էլ գնդակահարեն։ Ախր չեմ հասկանում, ինչի՞։ Ես արդեն վախե

Հոկտեմբեր 19, 1977, Երևան, Խորհրդային Հայաստան

«Ամեն անգամ կարդալիս վերապրում եմ այդ սարսափելի գիշերը։ Հիշում եմ, թե ինչ վախեցած էինք հորս գործընկերոջ բանտարկությունից։ Այդ երեկո ես, հայրս ու մայրս շատ երկար զրուցեցինք. հայրս փորձում էր հասկանալ, թե ինչպես փախչենք այդ անտանելի երկրից։ Մարալն անուշ քնած էր։ Կեսգիշերն էլ դեռ չկար, խնդրեցի հորս, որ սենյակի մոմը չհագցնի, քանի որ ուզում էի օրագրումս պատմել վերջին իրողությունները։ Չհասցրեցրի։ Անգամ նախադասությունն եմ կիսատ թողել։ Նրանք աղմուկով թակեցին մեր դուռը։ Դղրդոցից Մարալն արթնացավ ու սկսեց բարձր ձայնով լաց լինել։ Հայրս սարսափած դեմքով գնաց դուռը բացելու, իսկ մայրս փորձում էր Մարալին հանգստացնել։ Երևի գիտեին, թե ինչ է լինելու։ Երբ դուռը բացվեց երկու զինվորական ներս մտան։ Մեկը ռուս էր։ Հորս կարգադրեցին, որ հավաքի որոշ հագուստներ ու հետևի իրենց։ Մայրս հուզմունքից սկսեց գոռգոռալ նրանց վրա ու անեծքներ ուղղել իշխանությանը։ Զինվորականը բարկացավ ու ռուսերենով ասաց, որ մայրս էլ հավաքվի։ Իմ խեղճ արևմտահայ մայրը ոչ մի բառ չհասակացավ։ Շարունակեց գոռգոռալ ու պահանջել, որ հորս բաց թողնեն։ Բայց ո՞վ էր լսում..։ Զինվորականներից մեկի համբերությունը հատեց, կոպտերն բռնեց մորս թևից ու առաջ հրեց։ Մարալը նրա ոտքերին կպած լաց էր լինում, այդ հրումից գետին ընկավ ու էլի ավելի բարձր սկսեց գոռալ։ Ես վախից քարացել էի։ Հայրս ինձ կարգադրեց, որ Մարալին վերցնեմ ու հեռու գնամ։ Արցունքներս հազիվ էի զսպում։ Հեկեկացող Մարալը գրկիս կուչ էի եկել անկյունում ու նայում էի, թե ինչպես են ծնողներիս տանում։ Անիծվածներ։ Զինվորականներից մեկը ինձ նայեց ու ասաց «сидите тут и не двигайтесь»։ Մինչև այդ սարսափելի քաոսից փորձում էի ուշքի գալ, Մարալը գրկիս քնեց։ Դեռ երկու տարեկան էլ չկար։ Ես շատ մոլորված էի։ Մտքովս հազար բան էր անցնում, բայց չգիտեի ինչ անել։ Երևի մի ժամ էլ չանցած Սեդա հորաքույրը եկավ։ Վերջին ամիսներին հորաքույր բառն ասելիս կոկորդիս ասես մի բան կանգնի։ Ի՞նչ հորաքույր, նա առնվազն հանցագործ էր։ Հոգատար հարազատի դեմքով ու վայ-վույ անելով ներս մտավ։ Քնած Մարալին ձեռքիցս վերցրեց ու ասաց, որ իր տուն կտեղափոխվենք, մինչև ծնողներս վերադառնան։ Ասաց, որ անախորժություն է ու հաստատ նրանց բաց կթողնեն։ Այնքան միամիտ էի. հորս նման։ Հիշում եմ, որ այնպիսի զգացողություն էր մոտս, ասես փրկություն գտած լինեի։ Իր մեկսենյականոց տեղափոխվելուց մի քանի օր անց ինձ գիշերօթիկ տարավ։ Ասաց, որ իր տանը հազիվ ենք տեղավորվում ու որ ես հասուն տղա եմ՝ առանձնակի խնամքի կարիք չունեմ։ Ջերմ գրկեց ու խոստացավ, որ ամեն շաբաթ Մարալի հետ այցելության կգա։ Իհարկե հավատացի։ Երբ հասանք դպրոցի մոտ, Մարալը նրա գրկին քնած էր։ Բաժանման ցավոտ տեսարաններ չեղան։ Չեմ ուզում պատկերացնել, թե որքան է լաց եղել, երբ արթնացել է։ Դժվար է այս ամենը վերապրելը, գնամ զբոսնելու։ Վաղը կշարունակեմ»։

Հոկտեմբեր 20, 1977, Երևան, Խորհրդային Հայաստան

«Այս օրագրիս առանց այն էլ կիսապատռված էջերը չեն հերիքի, եթե գիշերօթիկի տարիներիցս պատմեմ։ Դժոխքից փախչելու պատմությունն էլ արժե մի առանձին օրագրում գրել։ Բայց վերադառնամ Սեդա «հորաքրոջը»։ Այսուհետ՝ միայն չակերտների մեջ։ Անցած տարի աշնանը քեռի Գևորգից զանգ ստացա։ Ասաց, որ շտապ է ու ինձ կարևոր բան ունի փոխանցելու։ Ձայնից զգացի, որ հրատապ է։ Խմբագրիս խնդրեցի, որ կես ժամ շուտ թողնի ու տաքսիով արագ հասա լատինական թաղամաս։ Երբ ներս մտա, երկար ինձ նայեց։ Լուռ էր։ Հետո գրպանից մի նամակ հանեց, ու ասաց, որ Հայաստանից է։ Սկզբից մտածեցի, թե Սովետական Հայաստանը հետքս գտել է ու ուզում է հաշվեհարդար տեսնել փախուստիս համար։ Բայց երբ նամակը թեքեցի, տեսա Սեդա «հորաքրոջ» անունը։ Պապանձնվեցի։ 40 տարի է անցել։ Սկսեցի արագորեն բացել ծրարը ու նկատեցի, որ քեռի Գևորգը դուրս եկավ սենյակից։ Երևի ուզեց, որ մենակ մնամ հույզերիս հետ, ենթադրելով նամակի բովանդակությունը։ Մի տարի է անցել, բայց չեմ մոռանա այն զգացողությունները, որ ունեցա այդ նամակը կարդալիս։ Հուզմու՞նք, զայրու՞յթ, ցա՞վ, կարո՞տ… Հիմա եմ հասկանում, թե ինչ միամիտ մարդ էր հայրս։ Ինչպե՞ս կարող էր իմանալ, որ այդ հարազատն իրական հրեշ է։ Նամակը հետս Հայաստան եմ բերել։ Արտագրում եմ օրագրումս։ Վաղը պիտի գնամ Մարալին տեսնելու»։

Մարտ 4, 1977 Լենինական

«Սիրելի Արամ, քեզ գրում է Սեդա հորաքույրը։ Երկար տարիներ եմ քեզ փնտրել, բայց հետքդ այդպես էլ չեմ գտնում։ Ինձ հայտնել էին, որ դու փախել ես 1947-ին Փարիզ մեկնած դելեգացիայից և քեզ փնտրելու ամեն մի փորձ ավարտվում էր անհաջողությամբ։ Նամակն ուղարկում եմ հորդ ընկեր Գևորգին, այն հույսով, որ քեզ հետ կապի մեջ է։ Ես քեզ շատ բան ունեմ պատմելու։ Սիրտս ամոթից պայթում է, ձեռքերս դողում։ Բայց լռել չեմ կարող։ Երբ 1936-ին եկաք Հայաստան, ես շատ էի ուրախացել։ Վերջապես հարազատներ կունենայի Երևանում՝ եղբայր, զարմիկներ։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում, Արամ, ես շատ էի սպասում ձեր վերադարձին։ Երբ առաջին անգամ տեսա Մարալին, ինձ թվաց հրեշտակի եմ տեսնում։ Ես երբեք այդպիսի չքնաղ աղջնակի չէի տեսել ու նա ասես ինձ կախարդել էր։ Ես ուզում էի, որ Մարալն իմ աղջիկը լիներ։ Մայրդ խոսում էր արևմտահայերեն ու ես նրան երբեմն չէի հասկանում։ Նա օտար էր ինձ համար, ու ես ոչ մի կերպ չէի համակերպվում այն մտքի հետ, որ նա ձեզ պես սիրուն երեխաներ ունի, իսկ ես անգամ ամուսին չունեմ։ Դուք եկել էիք Փարիզից ու ծնողներդ անընդհատ բողոքում էին պայմաններից։ Ես ծնվել ու մեծացել էի այդ վատ պայմաններում ու նյարդայնանում էի, որ մեր պետությունն այդքան աջակցել էր, որ հայերը ներգաղթեն, իսկ նրանցից շատերը, հենց իմ եղբայրը, «անշնորհակալի» պես բողոքում էր։ Ես գնալով Մարալի հետ ավելի էի կապվում, նա ասես մոլուցք լիներ։ Գիշեր ցերեկ երազում էի, որ իմ աղջիկը լինի։ 1936-ի աշունը խառն էր, ամեն տեղ սկսել էին մարդկանց ձերբակալել՝ հիմնականում անհիմն մեղադրանքներով։ Հարևանս, ով գիտեր, թե ինչքան եմ Մարալին սիրում առաջարկեց, որ մի փոքր անախորժություն կազմակերպեմ ծնողներիդ դեմ, որ ժամանակավոր ձերբակալեն նրան։ Վստահեցրեց, որ դա հեշտ ու արագ է։ Ըստ այդ «չքնաղ» պլանի, հորդ ու մորդ պիտի ձերբակալեին, դուք մնայիք առանց խնամակալ ու Մարալին ինձ վերցնեի։ Դու արդեն մեծ էիր, ու ես չէի կարող երկուսիդ պահել, հետևաբար գիշերօթիկը լավ տարբերակ էր։ Չգիտեմ մեջս ինչ սատանա մտավ ու երկար մտածելուց հետո հորդ դեմ սուտ մատնություն տվեցի, ու որոշ փաստաթղթեր գաղտնի դրեցի ձեր պահարանում, որ խուզարկելիս ապացույցներ լինեն։ Դե, մնացածն արդեն գիտես։ Այս նամակը կարդալիս պիտի զայրանաս։ Գիտեմ, որ ողջ սրտով ինձ ատում ես ու լիովին դրա իրավունքն ունես, Արամ։ Ես շատ մեղավոր եմ։ Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչպես կարող էի նման բան անել եղբորս հանդեպ։ Չգիտեմ, եթե միայն կարողանայի հետ տալ ժամանակը.. Քեզ խոստացա, որ կգամ այցելության։ Սկզբից ուզում էի ու մտադիր էի ամեն շաբաթ Մարալին քեզ մոտ բերել։ Բայց հետո հասկացա, որ Մարալը հենց քեզ տեսնի պոկ չի գա քեզնից ու ամեն անգամ նրան քեզնից բաժանելը պատմություն կդառնա ։ Ես ուզում էի, որ նա միայն ինձ սիրեր ու իմ աղջիկը լիներ։ Շատ հեշտ կարողացա խնամակալություն ստանձնել ու մեկ ամիս էլ չանցած Մարալի հետ մեկնեցի Մոսկվա։ Ինձ արտադրամասերից մեկում բանվորուհիների ղեկավարի պաշտոն էի առաջարկել ու Մարալին հեռու տանելն ամենալավ տարբերակն էր։ Անունը փոխեցի։ Հիմա նրան կգտնես որպես Օլյա Բարսեղյան։ Շուտով սկսեց ինձ մայրիկ ասել ու ուրախությանս չափ ու սահման չկար։ Բայց Մարալի հետ կապված ամեն մի ուրախություն ասես կոկորդիս կանգներ։ Ես նրա հետ երբեք հայերեն չեմ խոսել։ Երբ սկսեց հայրիկի մասին հարցեր տալ, ասացի, որ մահացել է ու որ նա աշխարհում միայն ինձ ունի։ Մարալը ոչինչի կարիք երբեք չի ունեցել Արամ։ Ես նրան սեր եմ տվել, ջերմություն։ Օգնեցի, որ լավ կրթություն ստանա։ Մենք հիմա ապրում ենք Լենինականում։ Մարալը/Օլյան ամուսնացել է ռուս զինվորականի հետ, նրանք երկու երեխա ունեն։ Նա ոչինչ չգիտի։ Ես չեմ կարող նրան պատմել, թե ինչ «հրեշ» է իր «մայրը»։ Ես գիտեմ, որ դու ինձ երբեք չես ների։ Ես ինքս ինձ երբեք չեմ ների։ Այդ գիշեր երբ Ձեր իրերն էի հավաքում, ձեռքս ընկավ նաև օրագիրդ։ Դու Մարալին գրկած լուռ արտասվում էի ու չէիր հասկանում, թե շուրջդ ինչ է կատարվում։ Ձեր փաստաթղթերի հետ դա էլ վերցրեցի։ Մոսկվա մեկնելիս պիտի ազատվեի այն ամենից, որ Մարալին կհիշացներ իր ընտանիքի մասին։ Ամեն ինչ դեն նետեցի, բայց չկարողացա օրագրիցդ բաժանվել։ Այդ փոքրիկ տետրակում ամփոփված էր ձեր ողջ ընտանիքի դժբախտությունը։ Ինչպես հանցագործն է վերադառնում հանցանքի վայր, այդպես էլ ես որոշեցի պահել օրագիրդ որպես հանցանքիս ապացույց։ Միայն Աստված գիտի, թե ինչու։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Միայն մի բան՝ ներիր ինձ, Արամ, եթե երբևէ կարող ես»։

Նամակի մյուս էջում թողնում եմ Գեորգի Վասիլեվիչի կոնտակտները։ Նա ծնողներիդ հետ Սիբիրի աքսորավայրում է եղել

Հոկտեմբեր 21, 1977, Լենինական, Խորհրդային Հայաստան

«Սեդան մահացավ իմ Հայաստան գալուց մեկ շաբաթ առաջ։ Երևի բախտը բերեց, որ ինձ չտեսավ։ Չեմ պատեկացնում, թե ոնց էր նայելու աչքերիս։ Տանջվել էր՝ քաղցկեղ ուներ։ Աստված մեծ է, դեռ դա էլ էր նրան քիչ։ Երբ դուռը ծեծեցի, սիրտս այնքան արագ էր բաբախում, ինձ թվում էր կպայթի։ Դուռը բացեց մի կապուտաչյա աղջնակ, մոտ 10 տարեկան կլիներ։ Զարմացած հայացքով ինձ նայեցու ռուսերենով հարցրեց, թե ով եմ։ Ներկայացա, որպես Սեդայի բարեկամ։ Մորը կանչեց։ Երբ նա ներս մտավ, աչքիս առաջ եկավ մայրս։ Շատ նման էր Արաքսին։ Նրա պես նուրբ դիմագծեր ուներ, իսկ աչքերը..ասես հայրս ինձ նայեր։ Մինչև ապուշ կտրած դեմքով նայում էի, Մարալը եկավ ու գրկեց ինձ։ Քաղաքավարությունից դրդված երևի։ Հետո ռուսերենով սկսեց հարցուփորձ անել, թե ով եմ։ Ներկայացա որպես հեռու բարեկամ, ով Ֆրանսիայում է ապրում ու վաղուց կապը կորցրել էր իրենց հետ։ Ոչ մի բառ հայերեն..իմ արևմտահայերեն թոթովախոսող անուշիկ Մարալը խոսում էր մեր ընտանիքը կործանած ռեժիմի լեզվով։ Մեր գենն ասես ջնջած լինեին նրա հոգուց։ Չգիտեմ կողքից ինչ տպավորություն թողեցի. շատ լարված էի։ Երկար խոսում էր Սեդայից, այնքան ջերմությամբ, այնքան քնքշությամբ։ Եթե միայն իմանար ճշմարտությունը։ Զգացի, ու այլևս չեմ կարող լսել ու սկսեցի խոսել Փարիզից ու Մարալը՝ Օլյան ոգևորված ասաց, որ երազում է Ֆրանսիա գնալ։ Ասաց, որ իրեն երբեմն թվում է, որ Փարիզը շատ հարազատ քաղաք է ու որ գնա անպայման կհավանի։ Էխ իմ անուշ Մարալ..եթե իմանայիր, որ դու ծնվել ես այդ գեղեցիկ քաղաքում, եթե միայն իմանայիր, որ մայրդ ու հայրդ քեզ ձեռքների վրա պահած ման էին տալիս Փարիզի այգիներում։ Ես նրան ոչինչ չպատմեցի։ Փոխարենը հարցրեցի, թե ինչ է անում, ինչի կարիք ունի։ Ամուսինը տանը չէր։ Մարալը պատմեց, որ բուժքույր է աշխատում հիվանդանոցներից մեկում, իսկ ամուսինը շարքային զինվորական է։ Ասաց, որ գոհ են կյանքից, միայն թե էլ չեն տեղավորվում իրենց միսենյականոց բնակարանում. շատ նեղ է։ Պատմեց, որ հինգ տարի է հերթի մեջ են, բայց ապարդյուն։ Ուզում էի ամուր գրկել ու ասել, որ իր եղբայրն եմ։ Խոսելիս պահի տակ չէի լսում ինչ է ասում, ու մտքով գնում էի Փարիզ, 1935 թվական։ Հիշեցի ծննդյանս օրը, երբ Մարալը սկսեց քայլել։ Իսկ հիմա դիմացս հասուն կին էր նստած, երկու երեխաների մայր, ով գաղափար անգամ չուներ իր արմատների մասին։ Որոշեցի ոչինչ չասել։ Չեմ ուզում Մարալի կյանքը գլխիվայր շրջել։ Թող մեր ընտանիքից մեկը գոնե երջանիկ լինի` առանց հուշերի, առանց ափսոսանքի։ Դուրս գալիս Մարալին խոստացա, որ կփորձեմ օգտակար լինել։ Խաբեցի, թե ծանոթներ ունեմ։ Ուզում էի մի բան արած լինել քույրիկիս համար»։

Նոյեմբեր 5, 1977, Երևան, Խորհրդային Հայաստան

«Մարալին տեսնելուց օրվանից ի վիճակի չէի երկար ժամանակ գրել։ Չեմ համակերպվում իրականության հետ։ Երեկ մտածում էի, որ ավելի լավ է երբեք այդ նամակը չստանայի ու արդեն իսկ իմ թշվառ ճակատագրով շարունակեի ապրել։ Մտքերս շատ են, մտքերս խառն են։ Բայց չեմ կարող այլևս այսպես։ Երեկ վերջապես Գեորգի Վասիլևիչից պատասխան նամակ ստաացա։ Մի քանի օր չէի կարողանում բացել։ Բայց քաջությունս հավաքեցի ու կարդացի։ Երկար պատմում էր ծնողներիս մասին ու միայն վերջում էր գրել, որ երկուսն էլ այլևս չկան։ Ես վաղուց համակերպվել էի այդ մտքի հետ, բայց այդ տողերը կարդալիս ասես վերապրեի ծնողներիս բանտարկելու գիշերը։ «Նրանք չկան, նրանք վաղուց չկան, Արամ Սարգիսովիչ», գրում էր։ Ծնողներս բանտարվկելուց հետո անմիջապես ուղարկվել են Սիբիր՝ ինչ-որ մի գյուղ։ Նրանց հետ էլի հայեր են եղել։ Վասիլևիչը պատմում է, որ ճանապարհը երկար է եղել, գնացքում նրանք ոչ նստելու տեղ են ունեցել, ոչ էլ քնելու։ Պետքարանի մասին խոսք անգամ չկա։ Տեղ հասնելուն պես աքսորվածներին վրաններ են տվել՝ ամեն մեկը մի փոքր սենյակի չափ ու այնտեղ մոտ 20 հոգով ապրել են։ Ոչ մի կենցաղային պայմաններ չեն ունեցել, ուտելիք պատրաստել են փայտի վրա, քնել են գետնին՝ առանց անկողին։ Վասիլևիչը մի քանի օր հետո է նրանց միացել։ Հայրս ողջ ընթացքում անտառահատմամբ է զբաղվել, իսկ մորս որպես դերձակ են աշխատացրել։ Վասիլևիչը պատմում է, որ հիվանդությունները չափից շատ են եղել ու ամեն օր տասնյակ մարդիկ են մահացել։ Նշում է, որ ծնողներս շատ հոգատար են եղել միմյանց հանդեպ ու ամեն ինչ արել, որ հանկարծ իրարից չբաժանեն։ 1945-ին հայրս ծանր հիվանդացել է ու անկողին ընկել։ Աքսորավայրի բժիշկը առատ ձյան պատճառով չի կարողացել դեղեր բերել ու հայրս մահացել է։ Խեղճ մայրս, ով ռուսերեն հազիվ երկու բառ էր հասկանում, լրիվ կորցրել է իրեն։ Վասիլևիչն ասում է, որ ոչ մի բառ չի խոսել։ Դրա պատճառով նրան այդ անգութ պահակները ծեծել են, անպատվել։ Ուրիշ բաներ էլ են արել։ Մայրս չի դիմացել։ Մի գիշեր իր կարած շապիկների թևերը պոկել ու պարան է սարքել։ Կախվել է։ Ասում է մորս ձեռքին նամակ են գտել, բայց քանի որ հայերեն է եղել չեն հասկացել ու դեն են նետել։ Մայրս երևի իր սրտի ողջ ատելությունն էր այդտեղ զետեղել։ Վասիլևիչի նամակը կարդալուց հետո մեջս այնքան զայրույթ կար, որ եթե ձեռքիս հնար լիներ ԽՍՀՄ-ը կվերացնեի երկրի երեսից։ Բայց նախ ծնողներիս անունը կմաքրեմ։ Ըստ սովետական փաստաթղթերի, հայրս դեռ դավաճան է, իսկ մայրս՝ դավաճանի հանցակից։ Դե, մտածել են ժառանգ չունեն, ու՞մ համար արդարացնեն»։

Նոյեմբերի 15, 1977, Երևան, Խորհրդային Հայաստան

«Այսօր մի կերպ կարողացա ներքին գործերի նախարարություն մտնել ու հասկանալ, թե ինչպես կարող եմ ծնողներիս արդարացնել։ Ինձ իրենց տված թշվառ փոխհատուցումը պետք չէ։ Ես ուզում եմ, որ այս տխմար պետությունն իմ ծնողներին արդարացնի, որպեսզի նրանց հոգիներն այն աշխարհում հանգստանան։ Իմ խեղճ ու միամիտ հայր։ Իմ զուպս մայր, որ զգում էիր մեզ սպասվելիք դժոխքը, ինչու՞ քեզ չլսեցինք… մտա ոմն Միրզոյանի մոտ։ Հենց իմացավ Ֆրանսիայի քաղաքացի եմ, միանգամից փոխեց դեմքի արտահայտությունն ու հայտարարեց, որ ինչով կարող է կօգնի։ Խնդրեցի, որ հորս ու մորս արդարացում տան, իսկ փոխհատուցման դիմաց Մարալին բնակարան տան Լենինականում։ Սկզբից ասաց, որ անհնար է օգնել Մարալի հարցում։ Ես չվարանեցի։ Ինձ ասել էի, թե ինչպես է աշխատում այստեղի փտած սիստեմը։ Մի քանի հարյուր ռուբլի հանեցի ու դրեցի սեղանին։ Աչքերը սկսեցին փայլել։ Խնդրեց սպասել ու դուրս եկավ սենյակից, որ մի քանի զանգ կատարի։ Հետո վերադարձավ ու հայտարարեց, որ Մարալի բնակարանի հարցը լուծված է և մեկ ամսից կարող է տեղափոխվել։ Ծնողներիս արդարացման համար տեղում դիմում գրեց։ Ասաց, որ գործը կհանեն արխիվից ու կփորձեմ արդարացնել։ Փողը տեսնելուց հետո ասես հարյուր տարվա կորած հարազատս լիներ։ Ասաց, որ կարող է հորս մատնողին բանտ նետել։ Ասացի, որ 40 տարով ուշացել են։ Պիտի արխիվում ծնողներիս գործը նայեին, որպեսզի հասկանային, թե որքան կտևի։ Պահանջեցի, որ նրանց հարցաքննության ու աքսորի հետ կապված թղթաբանությունը ինձ փոխանցեն։ Իհարկե ասաց, որ անհնար է։ Դե, գիտեի ուզածն ինչ է։ Մի հարյուրանոց էլ հանեցի ու դրեցի սեղանին։ Անկուշտի պես նայեց ու ասաց, որ կարող է միայն հորս հարցաքննության փաստաթուղթը տալ։ Հասկացրեց, որ փողի հարց չէ, ուղղակի չի կարող տրամադրել։ Համաձայնեցի։ Խնդրել է, որ վաղը գնամ թղթերի ետևից։ Վերջապես կիմանամ, թե աշխարհի ամենամիամիտ ու բարի մարդկանց ինչ կեղծ մեղադրանքով ուղարկեցին Սիբիր»։

Նոյեմբերի 29, 1977, Երևան, Խորհրդային Հայաստան

«Այսօր վերցերցի թղթերը… անհամբեր էի, նստեցի այգում ու կարդացի։ Ինձ փոխանցել էին հորս առաջին հարցաքննության արձանագրությունը։ Ասացին, որ մորս հետ կապված փաստաթղթերն արխիվից ահետացել են։ «Անհետացել»։ Տխմարներ։ Կարդալիս հուզմունքս չկարողացա զսպել։ Մտքիս ասում էի՝ իմ խեղճ հայրիկ, իմ խեղճ ու բարի Սարգիս։ Ի՞նչ իմանայիր, որ հայրենիք վերադառնալուդ մոլուցքը քեզ կկործանի..Իմ խեղճ բանվոր Սարգիս, ով ընդամենը հիասթափված ու խաբված էր զգում։ Արդյո՞ք մտքովդ կանցնե՞ր, որ հարազատդ նման կերպ կկվարվի ու կկործանի ընտանիքդ։ Երբեմն ուզում եմ հետ գնալ ու նայել Սեդայի աչքերին։ Ուզում եմ հասկանալ, արդյո՞ք ինչ տվեց իրեն մեր ընտանիքը կործանելը..հա, քրոջս։ Սեդա «հորաքույր», արդո՞ք ամեն անգամ Մարալին նայելիս չէի՞ր հիշում մորս՝ Արաքսին, արդյո՞ք աչքիդ առաջ ես չէր գալիս այն 14-ամյա պատանին, ով կիսաթաց աչքերով քեզ վերջին անգամ գրկեց, մտածելով, որ իրեն այցելության կգաս։ Ինչպե՞ս կարող էիր այսքան նենգությամբ լցված լինել իմ որբ մոր հանդեպ, ով թուրքերից հազիվ մազապուրծ եղած իր ջերմությունն էր գտել հորս հանդիպելով։ Ինչու՞ հենց Մարալը, երբ ամբողջ Սովետական Հայաստանը լիքն էր որբերով։

Հորս հարցաքննությունը նույնությամբ արտագրում եմ այստեղ։ Օրագիրս մյուս շաբաթ ընկերոջս հետ կուղարկեմ Փարիզ՝ դուստրերիս։ Արդեն մեծ են, շատ բան են հասկանում։ Ուզում եմ, որ կարդան ու տեսնեն, թե իրենց տատն ու պապն ինչ ճակատագրի են արժանացել։ Ուզում եմ կարդան ու իմանան, որ Մարալ/Օլյա անունով հորաքույր ունեն։ Այսքան տարի կինս ու ես ոչինչ չենք պատմել իմ անցյալի մասին։ Ժամանակն է, որ աղջիկներս զգան, թե որքան «լավն» է իրենց հայրենիքը։

Ես մյուս շաբաթ մեկնում եմ Սիբիր։Վասիլևիչը մեկը նամակի վերջում ասում էր, որ գիտի ծնողներիս գերեզմանի վայրը»։

Սարգիս Արամի Մելիքյանի հարցաքննությունը

09.11.1936

(բնագիրը՝ ռուսերեն)

Քննիչ Ավագյան։ Ասացեք, Ձեզ հետ ի՞նչ կապ ունի Գևորգ Մեսրոպյանը, ով այժմ ապրում է Փարիզում, Ֆրանսիայում։

Սարգիս Մելիքյան։ Նա իմ մտերիմ ընկերն է։

Քննիչ Ավագյան։ Որտեղի՞ց գիտեք Գևորգ Մեսրոպյանին։

Սարգիս Մելիքյան։ Ֆրանսիայի հայ կոմունիստների ժողովի ժամանակ ենք ծանոթացել։

Քննիչ Ավագյան։ Որքա՞ն հաճախ եք նրա հետ նամակագրական կապ պահպանում։

Սարգիս Մելիքյան։ Մենք համարյա ամեն ամիս գրվում ենք։ Ընտանիքի մտերիմ ընկեր է։

Քննիչ Ավագյան։ Երկու ամիս առաջ՝ սեպտեմբերին, Դուք Սեդա Բարսեղյանի մոտ կարդացել եք Գևորգ Մեսրոպյանին գրած Ձեր նամակը, որն ուղարկել եք հաջորդ օրը։ Նամակում Դուք վարկաբեկում եք սովետական իշխանությանը, բողոքում մեր երկրի վարչակարգից, մեղադրում ներգաղթյալների կոմիտեին, ասելով, որ Ձեզ ստել են։ Դուք Ձեզ մեղավոր համարու՞մ եք։

Սարգիս Մելիքյան։ Այո, դա ճիշտ է։ Հասկացեք, պարոն քննիչ մենք եկանք մեր հայրենիք մեծ սիրով, հույսերով ու հավատով, բայց…

Քննիչ Ավագյան։ Շատ եք երկարացնում։ Միայն հարցերին պատասխանեք։ Անցած ամիս գնացել եք Մոսկվա՝ Ֆրանսիայի դեսպանատուն, ճի՞շտ է։

Սարգիս Մելիքյան։ Այո։

Քննիչ Ավագյան։ Մեզ Մոսկվայից տեղեկացրեցին, որ Ֆրանսիա վերադառնալու մերժում ստանալուց հետո դեսպանատան մուտքի մոտ մի քանի հոգու ասել եք, որ սովետական միությունը վատ երկիր է, ժողովուրդը քաղցած է և ԽՍՀՄ-ն պիտի տապալվի, որպեսզի մարդիկ լավ ապրեն։ Դուք ընդունու՞մ եք ձեր արարքի հակահեղափոխական բնույթը։

Սարգիս Մելիքյան։ Այո, ես ասել եմ նման բաներ, ուղղակի…

Քննիչ Ավագյան։ Ձեր կինը՝ Արաքսյա Բաղդասարյանը, ծնվել է Թուրքիայի Վան քաղաքում։ Ճի՞շտ է։

Սարգիս Մելիքյան։ Այո։

Քննիչ Ավագյան։ Նրա քեռին՝ Հովհաննես Զաքարյանը 1920 թվականին եղել է Դաշնակցություն կուսակցության ակտիվ անդամ և Սովետական կարգերից հետո հաստատվել Փարիզում։ Ճի՞շտ է։

Սարգիս Մելիքյան։ Այո։

Քննիչ Ավագյան։ Դուք Փարիզում նրան հաճա՞խ էիք այցելում։

Սարգիս Մելիքյան։ Ոչ։ Նա դեմ էր մեր՝ Սովետական Հայաստան վերադառնալուն, մենք վերջին երկու տարիներին ընդհանրապես չէինք շփվում։

Քննիչ Ավագյան։ Ընդունու՞մ եք, որ նրա հակասովետական տրամադրվածությունը պատճառ է, որ Դուք Մոսկվայում հրապարակայնորեն անարգեցիք մեր երկրի կարգերը։

Սարգիս Մելիքյան։ Ոչ, չեմ ընդունում։ Ես բորբորքված էի, որովհետև չեմ կարողանում նորմալ ապրուստ վաստակել և ընտանիքս պահել։

Քննիչ Ավագյան։ Սովետական Հայաստան հասնելիս Ձեր մոտ գրամեքենա է եղել։ Ճի՞շտ է։

Սարգիս Մելիքյան։ Այո։

Քննիչ Ավագյան։ Գրամեքենա մեր երկրում ունեն միայն գրողներն ու պետական հիմնարկների աշխատողները։ Ընդունու՞մ եք, որ գրամեքենան բերել եք հակասովետական բնույթի տեքստեր պատրաստելու և տարածելու նպատակով։

Սարգիս Մելիքյան։ Ոչ, պարոն, դա որդուս գրամեքենան է։ Նա ուզում է գրող դառնալ։

Քննիչ Ավագյան։ Դուք Սեդա Բարսեղյանի ներկայությամբ Ձեր տղային թելադրել եք մեքենագրել հակասովետական բնույթի տեղեկություններ, որպեսզի ուղարկեք Ձեր Փարիզում գտնվող հարազատներին։ Ընդունու՞մ եք Ձեր մեղքը։

Սարգիս Մելիքյան։ Ոչ, նման բան չի եղել։

Քննիչ Ավագյան։ Ձեր տան խուզարկության ընթացքում մենք հայտնաբերել ենք այդ գրությունները, որտեղ Դուք մանրամասն վարկաբեկում եք Սովետական Հայաստանը և հորդորում Ձեր ֆրանսահայ ընկերներին ոչ մի դեպքում չգալ հայրենիք։

Սարգիս Մելիքյան։ Դա դավադրություն է, ես նման գրություններ երբեք չեմ պատրաստել։

Ցուցմունքները գրված են իմ խոսքերից, արձանագրությունը կարդացվել է ռուսերեն և հայերեն։

Ս. Մելիքյան

Հարցաքննեց քննիչ Ավագյանը


메타데이터
post_id
65bcf43a812b
slug
սինայա-1936-65bcf43a812b
url
https://medium.com/@arpinharoyan/%D5%BD%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B5%D5%A1-1936-65bcf43a812b
canonical_url
https://medium.com/@arpinharoyan/%D5%BD%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B5%D5%A1-1936-65bcf43a812b
author_url
https://medium.com/@arpinharoyan
status
ok
fetched_at
2026-07-16 17:15:50